Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով Ալիևի հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:
Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում:
Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: