Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին
The Stream պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների և նրանց նկատմամբ ջիհադականների իրականացրած կտտանքների մասին:
Հեղինակ Ուզայ Բուլութը գրում է Լիբանանից Արցախ տեղափոխված քույրերի՝ Մարալ և Անի Նաջարյանների մասին, որոնք հույս ունեին նոր, առավել խաղաղ կյանք սկսել, սակայն հայտնվեցին դաժան պատերազմի էպիկենտրոնում: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին: Այս մասին գրել է 1lurer.am-ը
«44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ»,- գրել է հեղինակը: Տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները: