ՀՀ-ն շարունակելու է Су-30СМ կործանիչների ձեռքբերումը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել INTERFAX-ին ու հայտնել, որ Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն ու երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:
«Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան` ՀՀ տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում»,-նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակելու է Су-30СМ կործանիչների ձեռքբերումը․ «Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»։
Ավելին․․․