«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը համավարակի պատճառով սահմանափակ թվով հանդիսատես կունենա
Կորոնավիրուսի շարունակող համավարակի պատճառով հոլանդական Ռոտերդամ նավահանգստային քաղաքում մայիսի 18-22-ը 41 երկրի կատարողների մասնակցությամբ կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկա կգտնվի «սահմանափակ թվով հանդիսատես», գրում է Reuters-ը։
Ինչպես մանրամասնում է գործակալությունը, մրցույթի փորձերին, կիսաեզրափակիչներին և եզրափակչին կկարողանա մասնակցել Նիդեռլանդներում բնակվող առավելագույնը 3500 մարդ։
Նշվում է նաև, որ մրցույթի մասնակիցները, ինչպես նաև երկրպագուները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։
Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով 2020 թվականին չեղարկված «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը՝ Ռոտերդամում։
Նշենք, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությունը։
Ավելին․․․