ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքը. Ով որքան մանդատ է ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ամփոփեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստում ասաց, որ ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ հանձնաժողովը կազմել է արձանագրություն:
Ըստ այդմ՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց ընդհանուր թիվը եղել է 2 մլն 588 հազար: Ընտրողների ընդահանուր թիվը կազմել է 1 մլն 575 հազար 782: Անճշտությունների գումարային չափը եղել է 2052:
Մուկուչյանն ասաց, որ ըստ ընտրությունների վերջնական արդյունքի՝ Ելք դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 122 065, ՀՀԿ-ին կողմ քվեարկածների թիվը՝ 770 441, ՕՐՕ դաշինքին կողմ քվեարկածների թիվը՝ 32 508, ՀՅԴ-ին կողմ կողմ քվեարկածների թիվը՝ 103 048, Ազատ դեմոկրատներ՝ 14 739, Հայկական վերածնունդ՝ 58 265, Ծառուկյան դաշինք՝ 428 836, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք՝ 25 950, Կոմունիստական կուսակցություն՝ 11 741:
ԿԸՀ անդամները ստորագրությամբ հաստատեցին վերոնշյալ արձանագրությունը: Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնում է 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։
ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։