Բերդավանի հատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին ձերբակալվել է, ունի կասկածյալի կարգավիճակ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
NEWS.am-ն ԱԱԾ լրատվության կենտրոն էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, եւ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են:
ԱԱԾ-ից, մասնավորապես, հայտնեցին. «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»:
ԱԱԾ լրատվության կենտրոնից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված: