Բնական աղետները մեզ պարտադրում են ուժեղ լինել. Արտակ Թովմասյան
1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը:
Արդեն 32 տարի այս օրը մեր ցավի, կորստի ու տառապանքի օրն է, սակայն այս օրը մեզ համար նաև պետք է լինի վերարժևորման, դասեր քաղելու և առաջ նայելու հնարավորություն:
Բնական աղետները մեզ պարտադրում են ուժեղ լինել, ունենալ հզոր տնտեսություն և կազմակերպվածության բարձր մակարդակ, ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կպաշտպանեն ու կդիմակայեն արհավիրքներին:
Դեկտեմբերի 7-ը մեզ ստիպում է բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունությանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, աղետներին արագ արձագանքման եւ շատ այլ նմանատիպ հարցերին:
Կրկնակի ցավ է նաև այն հանգամանքը, որ մինչ այսօր Գյումրին դեռ ոտքի կանգնած չէ, մարդիկ դեռևս ապրում են ժամանակավոր կացարաններում, ապրում են աղքատության ու կորստյան վշտի հետ արդեն 32 տարի, ապրում են հույսով, որ իրենց խնդիրն էլ մի օր կլուծվի:
Վշտակցում եմ Սպիտակի երկրաշարժի զոհերի հարազատներին ու մերձավորներին, գլուխ եմ խոնարհում զոհվածների հիշատակի առջև:
Արտակ Թովմասյան