Մեր եւ Ադրբեջանի զորքերը սահմանն են գծում, հասել են Կապանի տակը. Կարեն Համբարձումյան
Սյունիքում ամեն ինչ նորմալ է. Սիսիանում եմ եղել, երեկ եմ եկել, մեր զորքերը եւ Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով գալիս են, հասել էին Կապան համայնքի տակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
«Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում: Ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ մարզպետ Հունան Պողոսյանը հրաժրականի դիմում է ներկայացրել, իսկ իր նշանակման ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ դա արվում է քրեաօլիգարխիկ համակարգի մեջքը կոտրելու համար, պատգամավորն արձագանքեց. «Իսկ այ երկու տարվա մեջ Սյունիքում քրեական միջադեպերի ականատես եղե՞լ եք: Ես չեմ տեսել այն ամենը, ինչ նախկինում տեղի էր ունենում Սյունիքում: Իհարկե, պարոն Պողոսյանը մթնոլորտը փոխել է»: