Արտակարգ իրավիճակ Աշտարակի կամրջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են 18 ավտոմեքենաներ (լուսանկարներ)
Այսօր, նոյեմբերի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ից 09։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա բախվել են 18 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը, որոնց կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Իսկ մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ եղել են կիսամաշ։ Մինչդեռ 2 օր է Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն ձմեռային անվադողերով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: