Թուրքիան եւ Կատարը 10 նոր համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան եւ Կատարը 10 նոր համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության, միջազգային առեւտրի եւ ազատ գոտիների, ինչպես նաեւ ներդրումների վերաբերյալ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի` Թուրքիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում, հաղորդում է Hürriyet-ը:
Պայմանավորվածությունների համաձայն` Կատարի ներդրումային վարչությունը (QIA) ձեռք կբերի Ստամբուլի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 10 տոկոսը, ավարտվել է նաեւ Ստամբուլի İstinye Park առեւտրի կենտրոնի գնման պրոցեդուրան:
Կատարը ներդրումներ է կատարում նաեւ Ստամբուլի պատմական թերակղզում գտնվող Haliç Golden Horn նախագծում, որտեղ մոտորանավերի համար երկու շքեղ նավահանգիստ, երկու հյուրանոց, մզկիթ եւ առեւտրի կենտրոն կկառուցվի: Մեկ այլ մասշտաբային ներդրում է Կատարի կողմից Անթալիայի հարավային նահանգում գտնվող առեւտրային նավահանգստի գնումը: Կատարի եւ Թուրքիայի առեւտրի նախարարությունները պատրաստվում են նաեւ համատեղ առեւտրային հանձնաժողով ստեղծել եւ խթանել միմյանց ապրանքները երկու երկրների ազատ գոտիներում: