Վանեցյանն առաջարկում է՝ քաղաքական պայքարը դնել մի կողմ, համախմբվել եւ զբաղվել անհայտ կորած ու գերեվարված զինվորների խնդիրներով
Այսօր կառավարության առաջ անժամկետ հացադուլ սկսած Գեղամ Մանուկյանին, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին եւ այլոց տեսակցության եկած ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց նաեւ քաղաքացիների հարցերին:
Նրանք նույնպես կառավարության առջեւ էին՝ պահանջելով լուծել անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարցերը:
Տեսնելով պարոն Վանեցյանին, քաղաքացիները հետաքրքրվեցին՝ անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարցով ի՞նչ քայլեր են ձեռնարկում: Ի պատասխան, Արթուր Վանեցյանն ասաց, որ դա այսօր ամենակարեւոր հարցն է, սակայն ընդդիմության հնարավորությունները սահմանափակ են. «Փորձում ենք բացատրել այս իշխանություններին, որ իշխանության համար պայքարելու փոխարեն, առաջնահերթ պետք է զբաղվել անհայտ կորած զինվորների ճակատագրով: Քաղաքականությունը, պաշտոնը, պահելը զրո է մեկ զինվորի համեմատությամբ»: