Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ. IRNA-ի ֆոտոանդրադարձը
IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել էր նա:
Հեյդարին ասել էր, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար: