«Սագրադա Ֆամիլիայի» շինարարությունը չեն հասցնի ավարտել Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին
Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի տաճարում («Սագրադա Ֆամիլիա») ընթացող շինարարական աշխատանքները չի հաջողվի ավարտին հասցնել մինչև 2026 թվականը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել են տաճարի մամլո ծառայությունից:
Մամլո ծառայությունից հայտնել են, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով չի հաջողվի աշխատանքներն ավարտել մինչև 2026 թվականը: «Տեղեկացնում ենք, որ շատ շուտով կվերսկսվի Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը, որը կկենտրոնանա մեծությամբ երկրորդ աշտարակն ավարտին հասցնելու վրա: Մեր նպատակն է այն ավարտել 2021-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2026-ին՝ իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյա տարելիցին, որի նախագծով կառուցվում է տաճարը: Տաճարի հիմքը գցվել է 1882-ին: Այն կառուցվում է մասնավոր նվիրատվություններով, սակայն աշխատանքները դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Սուրբ Ընտանիքի տաճարը Բարսելոնայի ամենահայտնի տեսարժան վայրերից է, ուր ամեն տարի 4,5 մլն զբոսաշրջիկ է այցելում: