Ոստիկանությունն առաջարկում է հետաձգել վարորդական իրավունքի տրամադրման նոր կարգի կիրառումը
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք e-draft կայքից։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ին համապատասխան որոշում էր ընդունել ՝նախատեսելով խստացումներ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում, որը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 27-ից:
Ոստիկանությունը, սակայն, առաջարկում է այդ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ, սահմանել նաև անցումային դրույթ այն անձանց համար, ովքեր դրական արդյունքով հանձնել են որակավորման տեսական քննությունը մինչև որոշումների ուժի մեջ մտնելը, սակայն գործնական վարման քննությունը պետք է հանձնեն որոշումների ուժի մեջ մտնելուց հետո։
Նշված կարգավորումները հնարավորություն կտա ներկայումս գործող կարգով ապահովել վկայական հատկացնելու պատշաճ գործընթացը՝ խուսափելով նոր հերթերի գոյացումից։
Ըստ ոստիկանության տվյալների՝ 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26.000 դիմում, որից մոտ 12.500-ը՝ Երևան քաղաքում:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում՝ օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները կազմել է 600-ից ավելի: