ՌԴ էներգետիկայի փոխնախարարը կալանավորվել է 603 մլն ռուբլու հափշտակման համար
Մոսկվայի Բասմանի դատարանը 2 ամսով մեկուսարան է ուղարկել ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անատոլի Տիխոնովին, որը մեղադրվում է ավելի քան 600 միլիոն ռուբլի հափշտակելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հետաքննության միջնորդությունն օրինական է, հիմնավորված, մոտիվացված և բավարարման ենթակա»,-ասված է դատավոր Վալենտինա Լևաշովայի վճռում:
Քննչական կոմիտեն խնդրել էր ձերբակալել պաշտոնյային մինչև նոյեմբերի 8-ը: Տիխոնովի պաշտպանական թիմը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են ձերբակալության մասին որոշումը;
Քննչական կոմիտեն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ եթե ավելի մեղմ միջոց ընտրվեր, Տիխոնովը կարող էր թաքնվել հետաքննությունից, ճնշումներ գործադրել վկաների վրա, խոչընդոտել քրեական գործի օբյեկտիվ քննությանը և շարունակել զբաղվել հանցավոր գործունեությամբ:
ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն տեղեկացրել է, որ հետաքննությունը հաստատել է «ՌԷԱ» ընկերության նախկին տնօրեն Անատոլի Տիխոնովի, նրա խորհրդական Ռոման Ռիժկովի, ինչպես նաև «Լանիտ» ՓԲԸ-ի փոխնախագահներ Վլադիմիր Մակարովի և Վիկտոր Սերեբրյակովի ներգրավվածությունն առնվազն 603 միլիոն ռուբլու հափշտակմանը: Նրանք բոլորը կալանավորված են: Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության համար: 2019-ի ամռանից Տիխոնովը զբաղեցնում է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ ՔԿ-ի՝ ամբաստանյալները յուրացրել են տեղեկատվական համակարգի ստեղծման համար հատկացված գումարը: