Իսպանիայի ոստիկանությունը լոնդոնյան աճուրդում գտել է Խոան Միրոյի կորած կտավը (լուսանկար)
Իսպանիայի ոստիկանությունըլոնդոնյան աճուրդում հայտնաբերել է կատալոնացի հանրահայտ նկարիչ Խոան Միրոյի վրձնին պատկանող կորած կտավը, և այն վերադարձրել օրինական տիրոջը, գրում է ria.ru-ն՝ ոստիկանության տարածած հաղորդագրությանը հղումով:
Նշվում է, որ իսպանացի հավաքորդը կտավը վաճառել էր Լոնդոնի բնակչին, սակայն առաքման ժամանակ այն անհետացել էր։
Հետաքննությունը սկսվել է անցած տարվա հուլիսին՝ մադրիդյան տրանսպորտային ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքից հետո։ Ընկերությունը հայտնել էր Խոան Միրոյի կտավի անհետացման մասին, որը իսպանացի հավաքորդը վաճառել էր Լոնդոնի քաղաքացուն, բայց այն այդպես էլ չէր հասել գնորդին:
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել էին, որ աշխատանքը առաքվել է մեկ այլ հասցեատիրոջ, սակայն վերջինս հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ կտավը հետ է ուղարկել Իսպանիա։
Մեկ տարի տևած հետաքննությունից հետո կտավը հայտնաբերվել է Լոնդոնի աճուրդում․ կտավի մոտավոր արժեքը գնահատվում է 10 հազար եվրո (գրեթե 12 հազար դոլար)։
Բրիտանացի իրավապահ մարմինները պահանջել են աճուրդից հանել աշխատանքը և այն վերադարձրել են իսպանացի սեփականատիրոջը: