Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեում
2020թ. օգօոստոսի 19-ին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։
Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։