Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները
Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թույլտվությամբ օգոստոսի 1-ից իրենց գործունեությունն են վերսկսելու կինոթատրոնները, սակայն կորոնավիրուսից պաշտպանության համար անվտանգության կանոններին խստորեն հետևելը շարունակելու է պարտադիր մնալ: Կինոդահլիճում միայն ընտանիքի անդամները կարող են իրար կողք նստել, անծանոթները պետք է իրարից հեռավորության վրա գտնվեն, հայտնում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այցելուների համար 10 կինոնկարի պրեմիերա է նախատեսված։ Նշվում է, որ որոշ շրջաններում արդեն կինոթատրոնները սկսել են նոր պայմաններով գործել, որոշներին համաճարակաբանական իրավիճակը դեռևս թույլ չի տալիս։
«Շատ ուրախ ենք, որ մոսկովյան կինոթատրոնները վերաբացվում են։ Շատ կարևոր է երկրի համար, քանի որ սա փաստացի հիմնական շուկան է: Բոլորը սկսում են Մոսկվային նայել, բոլորն ուրախությամբ և զգուշավորությամբ են այդ պահին սպասում»,- նշել է կինոթատրոնների ղեկավարների ասոցացիայի տնօրեն Օլեգ Բերեզինը։
Նրա խոսքով՝ կինոթատրոնները բացվելուց առաջ այցելուների անվտանգության կազմակերպման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, անձնակազմի համար նոր պայմաններում գործելու դասընթացներ են անցկացվել։