Կրակոց Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը․ «Ճվճվ Արոյի» տղան հրազենային վնասվածք է ստացել
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել է քննչական խումբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը ) հատկանիշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։ Մարտի 3-ին, ժամը 23։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց է հնչում, ինչի հետևանքով Ս․ Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստանում է հրազենային վնասվածք։ Հաջորդ օրը վիրավորը բժշկական օգնության է դիմում Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրահատում են նրան և կատարվածի մասին տեղեկացնում ոստիկանություն։ Հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին, իսկ հետո արդեն ավագ քննիչին Ս․ Վարդանյանը հայտնում է, որ վնասվածքը ստացել է ինքը այն ժամանակ, երբ շունը կծել է իրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: