Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած երկրում խորհրդարանը թույլ է տալիս կալանավորել ընդդիմության առաջնորդին՝ նրան զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից. The New York Times
Ամերիկյան The New York Times պարբերականն
անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
զրկելու մասին խորհրդարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ «Հայաստանի
խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության
ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»: Փոխանցում է Tert.am-ը:
Պարբերականը նշում է, որ «Բարգավաճ
Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաև Հայաստանի
մեծահարուստ գործարարներից մեկն է, հերքել է իր հանդեպ հնչած
մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր դեմ կատարվող գործողությունները
քաղաքական շարժառիթներ ունեն:
Աղբյուրը նկատում է, որ Ծառուկյանը
վերջերս մեղադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը
տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը
ձախողելու մեջ:
«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում
կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և
այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի
տարածաշրջանում: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս
տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,-
ասվում է հոդվածում: