Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի ԱԳՆ-ների միջեւ. քննարկվել է նաեւ Արցախի հարցը
Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos):
Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին եւ զարգացման հեռանկարներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը եւ կարեւորեց Հունաստանի օրենսդիրի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:
Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաեւ՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զրուցակցի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Իր հերթին, Յորղոս Կատրուղալոսը ներկայացրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ հունական կողմի դիրքորոշումը:
Անդրադարձ կատարվեց նաեւ բազմակողմ ձեւաչափերով եւ միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության եւ փոխաջակցության հետ կապված հարցերին