Արցախում ականի պայթյունից 2 սպա, իսկ 1 զինվոր հրազենային վնասվածքով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Ըստ լրատվամիջոցի՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։
Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։
Նշենք, որ 17:00-ի դրությամբ ՊԲ պաշտոնական կայքէջում այս մասին որևէ տեղեկատվություն չկա, իսկ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: