Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի, և այդ ժամանակ բոլորս կիմանանք արդյունքը»,- ասաց նա:
Պաշտպանը հայտնեց, որ նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա հրաժարվեց ներկայացնել Գևորգյանի հայտարարության բովանդակությանը: «Մենք մեր առարկությունները ներկայացրել ենք թե բանավոր, թե գրավոր: Մենք վիճարկել ենք վարույթը իրականացնող մարմնի կողմից ներկայացված հիմնավոր կասկածը, անդրադարձել ենք նաև կալանավորման հիմքերին: Մենք ներկայացրել ենք համապատասխան փաստարկներ, ապացույցներ, որոնք ոչ միայն վարույթը իրականացնող մարմինը չի ներկայացրել, այլ նաև գործում առկա փաստարկները վկայում են հակառակի մասին, որ Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- նշեց Ալեքսանյանը:
Էրիկ Ալեքսանյանը նշեց նաև, որ դատարանի կողմից որևէ կանխակալ մոտեցում, վերաբերմունք չի նկատել: «Դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում իր առաքելությունը կատարել է բարեխիղճ, պրոֆեսիոնալ կերպով»,- ընդգծեց նա: