Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի համար․ նախագահ Սարգսյան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։
Ընդգծելով ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակությունը երկրի ապագայի ու առաջընթացի համար՝ նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը, երկրում ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների, ամուր քաղաքացիական հասարակության կայացումը։