Կկայանա՞ արդյոք վերջին քառօրյան
Այսօր առավոտյան պետք է կայանա արդեն իսկ արձակված Ազգային ժողովի վերջին քառօրյան: Ճիշտ է՝ խորհրդարանը օրենքի ուժով արձակված է, սակայն այն իր լիազորությունները կավարտի միայն նոր խորհրդարանի առաջին նիստի օրը: Այնպես որ. ըստ օրենքի, այս քառօրյան էլ պետք է կայանա: Սակայն հաշվի առնելով նախորդ քառօրյայի ժամանակ ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդ տարիներին ընտրարշավների ժամանակ ձախողված քառօրյաների փորձը, ենթադրելի է, որ այս քառօրյան ևս չի կայանա: Սակայն այստեղ մի «փոքրիկ» նրբություն կա. բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այնպես որ, հարցը օրենքի ուժով մեխանիկորեն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ: Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի գոնե այս հարցի քննարկման համար հնարավոր լինի մեկ օրով քվորում ապահովել, չնայած որ պատգամավորների բավական պատկառելի մասը զբաղված է քարոզարշավով:
Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3–ին նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: