Մենք պետք է մերժենք տոտալիտար աղանդները. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն բոլոր տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այո մենք պետք է դա անենք եւ դա պետք է լինի մեր հաջորդ կարեւորագույն խնդիրը»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօրվա նոր եւ ժողովրդավարական Հայաստանը պետք է փարոս դառնա նաեւ ծպտյալ հայերի համար, որ վերադառնան իրենց ինքնությանը, իրենց արժեքներին։
Նիկոլ Փաշինյանը արտասանեց նաև այս մարզում՝ ներկայացնելով ծնունդով արարատցի Պարույր Սեւակի «Հայաստան» բանաստեղծությունը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններինմասնակցում է 11 քաղաքական կուսակցություն եւ դաշինք։