Պուտինն ու Էրդողանը Արգենտինայում քննարկել են սիրիական Իդլիբի հարցը
Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հանդիպում են անցկացրել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի, ֆինանսների և առևտրի նախարարները, ինչպես նաև Էրդողանի մի շարք խորհրդականներ: Պուտին-Էրդողանը հանդիպումը տևել է մոտ 1 ժամ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում Էրդողանը հայտնել է, որ քննարկման ժամանակ շոշափվել է գլխավորապես սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը:
Հիշեցնենք, որ Պուտինն ու Էրդողանը դեռևս սեպտեմբերին եկել էին ընդհանուր որոշման, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև, կստեղծվի ապառազմականացված գոտի։
Հայտնի է, սակայն, որ Իդլիբում տիրող լարված իրավիճակն այդպես էլ չի կարգավորվել: