Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին
Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Փայլանի թվիթերյան էջից:
Գարո Փայլանը, մեկ առ մեկ ներկայացնելով իշխանամետ թերթերին, քննադատել է նրանց: Նա Մեջլիսում ներկայացրել է թուրքական «Սաբահ», «Յենի Շաֆաք», «Միլլիեթ», «Թուրքիյե», «Սթար» թերթերը և ամոթանք տվել դրանց անձնակազմին:
«Մեր ժամանակներում Թուրքիայում գործող մամուլը ունի երկու ճանապարհ. կամ պետք է գովաբանի սուլթանին, կամ լինի ազատ: Ազատ մամուլ լինելն ունի իր գինն ու դժվարությունները, դրանք են բռնաճնշումները, գովազդի սահմանափակումը, ձերբակալությունները»,-ասել է պատգամավորը:
Փայլանը նշել է, որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում:
«Նրանք (իշխանությունները) ցանկանում են, որ մարդիկ թերթ չկարդան, չքննադատեն, հարցեր չտան, սակայն դա, նախ և առաջ, վնասում է Էրդողանին, քանի որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում»,-ասել է Փայլանը: