Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին երկկողմ բանավեճի է հրավիրում եւ նշում պայմանները
Անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ առաջինին փոխնախագահ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին
Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաեւ այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ եւ անվայել ձեւով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով:
Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային եւ մեկական Ձեր եւ իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր եւ իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»: