Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մեջ կասկածվող նավը խորտակվել է
Անօրինական գործունեության մեջ կասկածվող նավը խորտակվել է Կրետեի մոտ, երբ Հունաստանի առափնյա պահակախումբը փորձել է ստուգել այն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ առափնյա պահակախմբի, առավոտյան հայտնաբերվել է Malpas անվանումով մոտ 40 մետր երկարությամբ առանց դրոշի նավ: Նավի մասին այլ տվյալներ դեռեւս հայտնի չեն:
Նավը ապօրինի գործունեության մեջ էր կասկածվում, ծրագրված ստուգման համար առափնյա պահակախումբը կապիտանին հրամայել էր Կրետեի ափ մոտենալ, քանի որ այդ շրջանում եղանակն անբարենպաստ էր:
«Նավը որոշ ժամանակ նորմալ առաջ էր գնում, հետո հանկարծ թեքվեց եւ արագ խորտակվեց», - ասվում է առափնյա պահակախումբի հաղորդագրությունում:
Սիրիայի հինգ քաղաքացիներից կազմված անձնակազմը ցատկել էր ծովը, պահակախումբը նրանց բարձրացրել էր իրենց նավը: Նավի նավաստիներից ոչ մեկը չէր տուժել, նրանք կտեղափոխվեն Իերապետրա քաղաքի նավահանգիստ, որի իշխանությունները նախաքննություն կանցկացնեն: