Հայտնի են դարձել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. սպանությունը 7 ր է տևել
Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ, հայտնում է Ermenihaber-ը։
Սպանության ընթացքում կատարված ձայնագրությունը Կատարի կենտրոնական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար մեկնաբանած թուրք լրագրողը նշել է, որ Խաշոկջիի սպանությունն իրականացնող խումբը խեղդել է նրան և այդ ընթացքում ձայնագրության մեջ լսելի են սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. «Խեղդվում եմ։ Պարկը հանե՛ք գլխիցս...»։
Խոսքը վերաբերում է այն ձայնագրությանը, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե այն տրամադրել են ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և Սաուդյան Արաբիային։
«Daily Sabah» թերթի թղթակցի հավաստմամբ ինքը լսել է ամբողջ ձայնագրությունը և սպանության ամբողջ գործընթացն, ըստ նրա, տևել է շուրջ 7 րոպե։