Համահունչ պետության և ժողովրդի շահերի հետ
Լիլիթ Նասիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աբովյան քաղաքի 55-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Աբովյան քաղաքում բնակարաշինական նոր ծրագիր սկսելու մասին: Ծրագիրը ներառելու է 800-1000 բնակարան՝ նախատեսված երիտասարդ ընտանիքների համար, բավական մատչելի պայմաններով:
Իհարկե, նորություն չէ Աբովյան քաղաքի հանդեպ Գագիկ Ծառուկյանի հոգատար ու դրական վերաբերմունքը: Բնակարաշինական ծրագիրն այս իմաստով Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված հերթական քայլն է: Հատկապես հիմա, երբ Հայաստանում ստեղծված դրական և հուսադրող մթնոլորտը դրդել է արտերկրում ապրող մեր հայրենակիցներին վերադառնալ հայրենիք, բնակարաշինական նման ծրագրերի կարևորությունն առավել քան զգացվում է:
Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունն ամեն ինչ անելու է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու պայմանները դյուրացնելու համար: Այս իմաստով Գագիկ Ծառուկյանի խոստացած բնակարաշինական ծրագիրը դառնում է այդ քաղաքականության մեկնարկը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ Գագիկ Ծառուկյանը միշտ համահունչ է քայլում պետության և ժողովրդի շահերի հետ: Աբովյանում բնակարաշինական ծրագիրը բացի իր բուն նպատակից հիանալի հնարավորություններ է ստեղծում նաև Աբովյան քաղաքի զարգացման համար: