ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ընթացակարգերին վերաբերող հարցեր
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսվարող սուբյեկտներին՝ ընդգծելով նման ներդրումների կարևորությունը:
Հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է առարկայական քայլեր ձեռնարկել երկու երկրների մաքսային մարմինների միջև համագործակցությունն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, հետբացթողումային հսկողության մասով:
Դավիթ Անանյանն առաջարկել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նոր հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը: