Գուտերեշը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի եւ վերջին հայտարարությունների կապակցությամբ:
Նա վերահաստատում է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին եւ կոչ է անում կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի ուժեղացման նպատակով: