Բավարիայում նավթավերամշակման գործարան է այրվել
Բավարիայում լույս սեպտեմբերի 1-ին հրդեհ է բռնկվել Ինգոլշտադտ քաղաքի մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Վերին Բավարիայի ոստիկանական վարչության մամուլի քարտուղարին։
Ոստիկանությունից նախ հայտնել են գործարանում պայթյունի մասին, այնուհետ հրդեհ է բռնկվել հեղուկ գազի և բենզինի պահեստում։
Դեպքի վայրում աշխատում է մոտ 300 հրշեջ։
Նախնական տվյալների համաձայն՝ տուժել է 8 մարդ։ Նրանցից երեքը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 3-4 հազար մարդ շտապ տարհանվել է ուժեղ ծխի պատճառով։ Շրջակա բնակավայրերի բնակիչներին հրահանգվել է չբացել տան պատուհանները։
Բնապահպանական ծառայությունները նախազգուշացրել են նավթավերամշակման գործարանից 20 կիլոմետր տարածության վրա հրդեհի ծխի տարածման վտանգի մասին։ Ոստիկանությունը շրջափակել է ձեռնարկության տարածքը։