Հին «ընկերները» դավաճանեցին. ՀՅԴ-ն հրաժարվեց կոալիցիայից
ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը. «Ժողովրդային շարժման արդյունքում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն արդեն օրեր շարունակ լարվածության մեջ է պահում ողջ հասարակությանը: Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագույն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցությունը հետևողական ջանքեր է գործադրել համախոհության ձևավորման, երկխոսության միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի և ողջամիտ լուծում գտնելու ուղղությամբ: Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության և օրենքների շրջանակներում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին:
Առ այդ, Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝ ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը, գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը, դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: