«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանը: Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը: Կոչ ենք անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն ՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար: