Փոխմարզպետի որդին սպանությունից առաջ ծեծե՞լ էր մեղադրյալին. նոր մանրամասներ
Armtimes.com-ը գրում է.
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը, սպանության նախորդ օրը՝ հունվարի 6-ին, ծեծի է ենթարկել Մեխակ Հարությունյանին: Նման տեղեկություն մեր աղբյուրների փոխանցմամբ իրավապահներին հայտնել է ինքը՝ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանը:
Ըստ այդմ՝ նա նշել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում`իրավական գնահատականների հետ համաձայն չլինելու պատճառով, սակայն ընդունել է, որ Հայկ Հակոբյանը սպանվել է իր կողմից արձակած կրակոցներից: Մեր տեղեկություններով, նա նաեւ հայտնել է, որ Հակոբյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, իրադրությունն է այդպես զարգացել: Տուժողն ու մեղադրյալը տեւական ժամանակ լարված փոխհարաբերություններ են ունեցել. ըստ մեղադրյալի՝ Հայկ Հակոբյանը պարբերաբար վիրավորել է իրեն, հայհոյել:
Մեխակ Հարությունյանի շահերը պաշտպանում է Ինեսսա Պետրոսյանը: Վերջինս մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նա կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում:
Մանրամասները՝ այստեղ