«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում... Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու գլոբալ քաղաքային ենթակառուցվածքների ընդհանուր պատկերն է:
Վերջին տարիներին ավտոմեքենաների գնային բոլոր սեգմենտների հասանելիությունը՝ էժան, երկրորդային շուկայի մոդելներից մինչև բյուջետային նոր մեքենաներ, հանգեցրել է նրան, որ աշխարհի խոշոր քաղաքները փաստացի ծանրաբեռնվել են մետաղական զանգվածով: Ավտոմեքենան դարձել է հասանելի գրեթե բոլոր հասարակական խավերի համար, ինչի հետևանքով փողոցներում խցանումները հասել են օրհասական մակարդակի։
Սա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ Տոկիոյի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամերին ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է, որ տասնամյակներ շարունակ գործում է հատուկ «օշիյա» (հրողներ) հաստիքը՝ մարդկանց վագոններ մղելու համար: Մեխիկոյում և Սան Պաուլույում փողոցային խցանումներն այնքան անվերջանալի են, որ վարորդները օրական 3-4 ժամ են կորցնում ճանապարհին, իսկ երբ փորձում են օգտվել մետրոյից, բախվում են կայարաններ մտնելու համար հարյուրավոր մետրեր ձգվող հերթերի: Անգամ Լոնդոնում կամ Նյու Յորքում, որտեղ հասարակական տրանսպորտի ցանցը հսկայական է, ավտոմեքենաների քանակի աճն ու պիկ ժամերի ուղևորահոսքերը պարբերաբար կաթվածահար են անում կենտրոնական հանգույցները:
Երբ վարորդները, հոգնելով ժամերով խցանումների մեջ մնալուց, փորձում են անցնել հասարակական տրանսպորտին, բախվում են մեկ այլ ծայրահեղության։ Մետրոպոլիտենն ու վերգետնյա տրանսպորտը պարզապես ի վիճակի չեն լինում միանգամից սպասարկելու այդպիսի հսկայական զանգվածներին։
Այսօր ամբողջ աշխարհում ուղևորահոսքերի և տրանսպորտային հոսքերի կառավարումը դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Թբիլիսիի մետրոյի այս կադրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առանց տրանսպորտային համակարգերի արմատական վերանայման և պլանավորման, քաղաքային շարժունակությունը կանգնում է ամբողջական կոլապսի առջև։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում