Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՐԴԻ՞
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում COP17-ի շրջանակում ընդունված որոշումը ներկայացրել է որպես պատմական ձեռքբերում՝ առանձնակի ընդգծելով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգի հաստատումը (https://www.facebook.com/share/v/19KjQBHkL5/ )։
Սակայն նման հայտարարություններն անխուսափելիորեն առաջ են բերում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական, իրավական և արժեքային լրջագույն հարցադրումներ։ Որքանո՞վ է արժանահավատ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին հնչեցվող պաշտոնական հռետորաբանությունը, երբ այդ նույն սկզբունքների ներքո անտեսվում են Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները, իսկ նրա նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ըստ էության դուրս է մնում միջազգային բնապահպանական և մարդասիրական օրակարգից։
Անընդունելի և խորապես հակասական է բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը ներկայացնել որպես միջազգային քաղաքականության պատմական ձեռքբերում՝ միաժամանակ շրջանցելով այն իրողությունը, որ Արցախի բնիկ ժողովուրդը զրկվել է իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, ենթարկվել է ցեղասպանության և բռնի տեղահանության, իսկ նրա հոգևոր, պատմամշակութային ու բնական ժառանգությունը շարունակում է գտնվել ոչնչացման, յուրացման և համակարգված վերացման վտանգի ներքո (https://www.facebook.com/share/p/1M76KanxA6/ )։
Ավելին՝ այս համատեքստում հարց է առաջանում՝ ինչո՞ւ COP17-ի շրջանակում, որտեղ քննարկվում են բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և կենսաբազմազանության պահպանության հիմնահարցերը, պատշաճ անդրադարձ չի կատարվում Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված և շարունակվող էկոցիդին։ Ինչո՞ւ միջազգային հանրության ուշադրությանը չեն ներկայացվում Արցախի անտառների ոչնչացումը, բնական էկոհամակարգերի դիտավորյալ վնասումը, հրդեհները, կենսաբազմազանության կորուստը, ջրային և հողային ռեսուրսների նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում շրջակա միջավայրին հասցված անդառնալի վնասները (https://www.facebook.com/share/p/1ALkk8Bi4X/,https://www.facebook.com/share/p/1K1oaP3rm6/ ) ։
Առանձնապես անթույլատրելի է շրջանցել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում կիրառված արգելված և միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց զինատեսակների ու զինամթերքի կիրառման վերաբերյալ փաստերի ուսումնասիրության և հրապարակայնացման անհրաժեշտությունը։ Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրակարգը չի կարող անտեսել պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական աղետները, դրանց երկարաժամկետ ազդեցությունը մարդկանց, կենդանական և բուսական աշխարհի, բնական միջավայրերի ու էկոհամակարգերի վրա։
Նույնքան մտահոգիչ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ Բաքվում շարունակվող գերության և նրանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների հարցի անտեսումը։ Արցախի նախագահների, պետական ու ռազմաքաղաքական գործիչների, ինչպես նաև մյուս հայ գերիների հիմնարար իրավունքների խնդիրը չի կարող տարանջատվել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության և միջազգային իրավունքի գերակայության սկզբունքներից։ Նրանց ազատ արձակման, ապօրինի ազատազրկման դադարեցման հարցերը պետք է լինեն Հայաստանի կողմից հյուրընկալվող միջազգային հեղինակավոր միջոցառումների օրակարգի անբաժանելի մասը։
Ավելին, լուրջ հարցադրումներ են առաջանում նաև COP17-ի կազմակերպչական և ներկայացուցչական քաղաքականության վերաբերյալ։ Ինչո՞ւ Արցախի հիմնախնդիրներով, բնության և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին պատշաճ հնարավորություն և տաղավար չի տրամադրվել՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքը, փաստահավաք գործունեությունը և Արցախում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ փաստական նյութերը (https://www.facebook.com/share/p/19XNTmpxqk/)։ Ինչո՞ւ զրկվել են միջազգային հարթակում ներկայանալու հնարավորությունից հենց այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ փաստագրել և բարձրաձայնել են Արցախի բնության, պատմամշակութային ժառանգության և բնիկ բնակչության իրավունքների դեմ իրականացված ոտնձգությունները։
Եթե COP17-ը հարթակ է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ձայնը լսելի դարձնելու համար, ապա ինչո՞ւ այդ հարթակում բավարար տեղ չի հատկացվել նաև Արցախյան հասարակական կազմակերպություններին։ Մի՞թե նրանց ներկայացրած փաստերը, հետազոտությունները և ահազանգերը չեն համապատասխանում համաժողովի հռչակած նպատակներին։ Թե՞ խնդրահարույց է դարձել հենց Արցախի մասին ճշմարտության միջազգային հանրությանը ներկայացնելը։
Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող լինել ընտրովի, իրավիճակային կամ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։ Դրանք համամարդկային և անբաժանելի իրավունքներ են, որոնց պաշտպանությունը ենթադրում է ոչ միայն գեղեցիկ ձևակերպումներ, միջազգային որոշումների ընդունում և պաշտոնական հայտարարություններ, այլև հետևողական ու անաչառ դիրքորոշում կոնկրետ ժողովուրդների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Առավել քան տարակուսելի է, երբ այս ամենի մասին խոսվում է Հայաստանում անցկացվող միջազգային հեղինակավոր համաժողովի համատեքստում, մինչդեռ Արցախի բնիկ ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, բռնի տեղահանության հետևանքները, մշակութային ժառանգության պահպանությունը (https://www.facebook.com/share/p/1Ff5yPh6fD/,https://www.facebook.com/share/p/1Mr7kDunka/) , բնական միջավայրի ոչնչացումը, էկոցիդի փաստերը, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի գերության հարցերը չեն ստանում իրենց արժանի տեղը։
Ի՞նչ պատմական ձեռքբերման մասին կարելի է խոսել, եթե բնիկ ժողովրդի՝ սեփական պատմական հայրենիքում ապրելու իրավունքը մնում է չպաշտպանված, նրա բնական և մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, իսկ նրա ընտրված ու պետական ղեկավարները շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։
Միջազգային բնապահպանական օրակարգը չի կարող սահմանափակվել կենսաբազմազանության պահպանության տեխնիկական և ինստիտուցիոնալ մեխանիզմներով՝ անտեսելով ժողովուրդների պատմական ներկայության, ավանդական բնակության միջավայրի, մշակութային ինքնության և բնության հետ ձևավորված դարավոր կապի պահպանության հիմնախնդիրները։ Բնիկ ժողովրդի հայրենի բնաշխարհի ոչնչացումը, նրա բնակավայրերի վերացումը, բնական պաշարների նկատմամբ ոտնձգությունները և պատմական միջավայրի հետևողական խաթարումը չեն կարող դիտարկվել բնապահպանական խնդիրներից առանձին։
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների անտեսումը, նրա ներկայացուցիչների ձայնի սահմանափակումը, Արցախյան հասարակական կազմակերպություններին միջազգային հարթակում պատշաճ ներկայանալու հնարավորությունից զրկելը ( https://www.facebook.com/share/p/19yGYqsyUs/) , ինչպես նաև էկոցիդի, արգելված զինատեսակների կիրառման և հայ ռազմագերիների խնդիրների շրջանցումը լուրջ հակասություն են առաջացնում COP17-ի հռչակած արժեքների և դրանց գործնական կիրառության միջև։
Բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի համընդհանուր, ոչ թե ընտրովի։ Բնապահպանական արդարադատությունը չի կարող լռել էկոցիդի առջև, մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող անտեսել գերության մեջ գտնվող մարդկանց, իսկ բնիկ ժողովուրդների իրավունքների միջազգային օրակարգը չի կարող շրջանցել սեփական պատմական հայրենիքից բռնի տեղահանված ժողովրդին։
Իսկ եթե բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության սկզբունքները չեն տարածվում նաև Արցախի հայ ժողովրդի վրա, եթե նրա վերադարձի իրավունքը, ապօրինի ազատազրկված ղեկավարների և գերիների ազատության հարցը, բնական ու մշակութային ժառանգության ոչնչացումը չեն արժանանում պատշաճ ուշադրության, ապա ի՞նչ արժեք ունեն այդ իրավունքների պաշտպանության մասին հնչեցվող պաշտոնական հայտարարությունները։
Արցախի հայ ժողովրդի իրավունքները չեն կարող դուրս մնալ միջազգային օրակարգից։ Լռությունը չեզոքություն չէ, իսկ ընտրովի արդարադատությունը՝ արդարադատություն։