Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիք
Տնտեսություն

Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին դանդաղել է՝ կազմելով տարեկան 6,9 %՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7,6 %-ի դիմաց։ Առաջին հայացքից յոթ տոկոսին մոտ աճը կարող է բավարար, նույնիսկ գրավիչ թվալ, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների մանրամասն ուսումնասիրումը ցույց է տալիս, որ այդ միջին թվի հետևում թաքնված է խիստ անհավասար պատկեր։ Տնտեսության մի մասն աճում է երկնիշ տեմպերով և նույնիսկ արագացնում է իր ընթացքը, իսկ մյուս մասը կա՛մ լճանում է, կա՛մ նկատելի հետընթաց է ապրում։ Հենց այդ անհամաչափության պատճառով խոսքը ոչ թե պարզապես աճի դանդաղման, այլ աճի կառուցվածքի աստիճանական վերադասավորման մասին է. վերադասավորում, որի հետևանքները կարևոր են ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ երկրի արտաքին տնտեսական կայունության համար։

Հաշվետվության առաջին էական հաղորդագրությունն այն է, որ արդյունաբերական ոլորտը կրկին դարձել է տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը. ինն ամսվա ընթացքում ոլորտի աճը կազմել է 5,8 %՝ մեկ տարի առաջվա 5,7 %-ի համեմատ, այսինքն՝ տեմպը ոչ թե թուլացել է, այլ փոքր-ինչ ուժեղացել։ Երկրորդ էական հանգամանքը արտաքին առևտրի միտման շրջադարձն է։ Զգալի անկումից առևտուրն անցել է աճի, ընդ որում՝ հիմնականում ներմուծման դինամիկայի բարելավման շնորհիվ։ Այս երկու փաստը միասին վկայում են, որ նախորդ տարվա կտրուկ տատանումներից հետո ցուցանիշները սկսել են կայունանալ։ Սակայն այդ կայունացումը ոչ հավասարաչափ է և ոչ բոլոր ուղղություններով, և հենց այս վերապահման մեջ է թաքնված վերլուծության հիմնական իմաստը։

Տնտեսական ակտիվության դանդաղումը մեծապես պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը երկրի տնտեսության ամենախոշոր հատվածի՝ առևտրի ոլորտի աճի թուլացումն է. նախորդ տարվա 3,5 %-ից այդ ոլորտի աճն իջել է մինչև մոտ 0,6 %, այսինքն՝ գործնականում լճացման։ Երկրորդը էներգետիկ ոլորտի աճի դանդաղումն է՝ 8,2 %-ից մինչև 3,6 %։ Առևտրի ոլորտի դերն այս հաշվարկում հատկապես մեծ է, քանի որ ինը ամսվա ընթացքում նրա ծավալը գերազանցել է 5 տրիլիոն դրամը (մոտ 13,5 միլիարդ դոլար), և նման բազայի վրա երեք տոկոսային կետին մոտ դանդաղումն ամբողջ տնտեսության միջին ցուցանիշի վրա ազդում է ավելի շատ, քան փոքր ոլորտներում տեղի ունեցող շատ ավելի ցայտուն տատանումները։

Հետաքրքիր է նաև, որ առևտրի ոլորտի լճացումը համընկնում է ներմուծման 9,5 % աճի հետ։ Սա կարող է նշանակել, որ ներմուծվող ապրանքների զգալի մասն ուղղվում է ոչ այնքան վերջնական սպառմանը, որն ուղղակիորեն արտացոլվում է առևտրի ցուցանիշներում, որքան արտադրական, ներդրումային կամ շինարարական կարիքներին, թեև այս մեկնաբանությունը պահանջում է ներմուծվող ապրանքների կառուցվածքի վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ։

Մյուս բևեռում ծառայությունների և շինարարության ոլորտներն են։ Ծավալով երկրորդ տեղում գտնվող ծառայությունների ոլորտը (3,5 տրիլիոն դրամ կամ 9,3 միլիարդ դոլար) ոչ միայն չի դանդաղել, այլև արագացրել է իր տարեկան աճը՝ 9,9 %-ից մինչև 13 %։ Սա նշանակում է, որ ծառայությունները ոչ միայն խոշոր, այլև ամենադինամիկ խոշոր հատվածն են, որն առավել մեծ չափով փոխհատուցում է մյուս ոլորտների թուլացումը։ Աճի առաջատարը, սակայն, շինարարությունն է, որի տարեկան աճն ավելի է արագացել՝ 20,7 %-ից հասնելով 24,9 %-ի։ Թեև ծավալով այս ոլորտը ամենափոքրն է նշված հինգ ոլորտների մեջ՝ 583,8 միլիարդ դրամ (1,6 միլիարդ դոլար), սակայն քառորդին մոտ աճը վկայում է շինարարական ակտիվության շատ բարձր մակարդակի մասին, որը սովորաբար կապվում է ինչպես բնակարանաշինության և մասնավոր ներդրումների, այնպես էլ հանրային ծախսերի ակտիվացման հետ։

Այս դրական պատկերի ֆոնին վատթարացել է վիճակը գյուղատնտեսության ոլորտում. նախորդ տարվա 6 % աճից այն անցել է 4,8 % անկման, այսինքն՝ տարբերությունը մեկ տարվա ընթացքում կազմում է գրեթե 11 տոկոսային կետ։ Ծավալով չորրորդ տեղում գտնվող այս ոլորտը (677,1 միլիարդ դրամ կամ 1,8 միլիարդ դոլար) ազգային տնտեսության համար կարևոր է ոչ միայն համախառն արտադրանքի, այլև գյուղական համայնքների զբաղվածության ու եկամուտների տեսանկյունից։ Գյուղատնտեսական արտադրությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից, ուստի անկումը կարող է ունենալ ժամանակավոր բնույթ, սակայն ցուցանիշի փոփոխության մասշտաբն այնքան մեծ է, որ ուշադրության է արժանի՝ անկախ հնարավոր պատճառներից։

Բացարձակ ծավալների համադրությունը հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկերացնել տնտեսության կառուցվածքը։ Առևտրի ոլորտը առաջատար է՝ ավելի քան 5 տրիլիոն դրամով, երկրորդը ծառայություններն են՝ 3,5 տրիլիոնով, երրորդը՝ արդյունաբերությունը՝ 2,4 տրիլիոն դրամով (6,4 միլիարդ դոլար), այնուհետև գալիս են գյուղատնտեսությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 677,1 և 583,8 միլիարդ դրամով։ Առևտրի և ծառայությունների ոլորտները միասին կազմում են նշված հինգ ոլորտների համախմբված ծավալի շուրջ 70 %-ը, ինչը ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունը մեծ չափով հենվում է շուկայական և սպասարկման գործունեության վրա, իսկ արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության համատեղ կշիռը մնում է մոտ 30 %-ի սահմաններում։

Այս համադրությունը մեթոդաբանորեն կոպիտ է, քանի որ ոլորտների ցուցանիշները հաշվարկվում են տարբեր սկզբունքներով, և դրանց գումարը չի համընկնում համախառն ներքին արդյունքի հետ, սակայն ընդհանուր համամասնությունները բավական պատկերավոր են։ Եթե այս ծավալները համադրենք աճի տեմպերի հետ, կարելի է կոպիտ հաշվարկով գնահատել, թե որ ոլորտն ինչ չափով է ձևավորել ընդհանուր աճը։ Ծառայությունների ոլորտի 13 % աճը նշանակում է շուրջ 0,4 տրիլիոն դրամի հավել յալ ծավալ, ինչը նշված ոլորտների ընդհանուր հավելաճի մոտ 60 %-ն է։ Արդյունաբերությունն ավելացրել է մոտ 0,13 տրիլիոն դրամ՝ շուրջ 20 %, շինարարությունը՝ մոտ 0,12 տրիլիոն դրամ՝ շուրջ 18 %, իսկ առևտրի ոլորտի ներդրումն ընդամենը մոտ 5 % է։ Գյուղատնտեսությունը, ընդհակառակը, ունեցել է բացասական ներդրում՝ կրճատելով ընդհանուր հավելաճը մոտ 5 %-ով։ Այլ կերպ ասած՝ 2026 թվականի ինը ամսվա աճը մոտավորապես երեք հինգերորդով ապահովվել է ծառայությունների ոլորտի կողմից, իսկ մնացած մասը գրեթե հավասարապես բաշխվել է արդյունաբերության և շինարարության միջև։

Էներգետիկ ոլորտի առանձին ներդրումն այս հաշվարկում չի առանձնացվել, քանի որ ներկայացված տվյալներում նրա ծավալը առանձին չի նշվում։ Այս հաշվարկը չի փոխարինում ՀՆԱ-ի ճյուղային ներդրման պաշտոնական վերլուծությանը, սակայն ցույց է տալիս աճի աղբյուրների համեմատաբար նեղ հիմքը։

Էներգետիկ ոլորտի ցուցանիշներն առանձին հետաքրքրություն են ներկայացնում։ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 6,958 միլիոն կՎտժ, որից 689.5 միլիոն կՎտժ՝ միայն սեպտեմբերին։ Եթե ինը ամսվա ծավալը բաժանենք հավասարապես, ամսական միջինը կկազմի մոտ 773 միլիոն կՎտժ, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի արտադրությունը միջինից մոտ 11 %-ով ցածր է։ Իհարկե, էլեկտրաէներգիայի արտադրությունն ունի արտահայտված սեզոնային բնույթ և կախված է ջրային ռեսուրսների առկայությունից, արևային կայանների արտադրությունից, ջերմային կայանների ծանրաբեռնվածությունից և էլեկտրակայանների պլանային վերանորոգումների ժամանակացույցից, ուստի մեկ ամսվա թուլացումը դեռ չի վկայում կառուցվածքային խնդրի մասին։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին ոլորտի ցուցանիշի կտրուկ վատթարացումը՝ 3,8 % աճից մինչև 15,9 % անկում, ինչպես նաև ինը ամսվա աճի կրճատումը 8,2 %-ից մինչև 3,6 %, ցույց են տալիս, որ էներգետիկան այս տարի այլևս չի կատարում աճի ամրապնդողի այն դերը, որը ունեցել էր նախորդ տարի։

Սեպտեմբերի ամսական տվյալները, թեև առավել տատանվող են, կարևոր են որպես հնարավոր նոր շրջադարձի ազդանշան։ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 2026 թվականի սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 5 %, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը կազմել էր 10,5 %։ Այսինքն, սեպտեմբերի աճը ինը ամսվա միջինից՝ 6,9 %-ից մոտ երկու տոկոսային կետով ցածր է և նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշի մոտ կեսն է։ Նախորդ տարվա բարձր բազան այս դանդաղման կարևոր բաղադրիչն է, սակայն դա չի կարող ամբողջությամբ բացատրել պատկերը։

Տվյալների մեկ այլ կտրվածքով՝ սեպտեմբերին գրանցվել է նաև աճի տեմպի արագացում՝ 4,5 %-ից մինչև 9,1 %, ինչպես որ նախորդ տարի էր գրանցվել 5,4 %-ից մինչև 9,8 % արագացում։ Այս երկու պատկերի համադրումը՝ տարեկան 5 % աճ և աճի տեմպի արագացում, վկայում է, որ ամսական ցուցանիշները խիստ կախված են համեմատման բազայից և ժամանակահատվածից, ուստի միայն մեկ ամսվա տվյալներով վերջնական եզրակացություն անելը զգուշավոր մոտեցում է պահանջում։

Սեպտեմբերի ոլորտային պատկերը՝ աճի տեմպի փոփոխության տեսքով, նույնպես խայտաբղետ է։ Արդյունաբերական ոլորտի աճը արագացել է 1,9 %-ից մինչև 4,2 %, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ցուցանիշը, ընդհակառակը, դանդաղել էր 10,7 %-ից մինչև 5,1 %, այսինքն՝ այս տարի արդյունաբերությունը սեպտեմբերին զարգացել է նախորդ տարվա միտումին հակառակ ուղղությամբ։ Շինարարության աճը սեպտեմբերին դանդաղել է 16,9 %-ից մինչև 8,5 %՝ գրեթե կիսվելով, թեև մնում է բավական բարձր։Ծառայությունների ոլորտի աճը մնացել է 1,3 %-ի մակարդակում՝ առանց փոփոխության, իսկ առևտրի ոլորտում այն 1,3 %-ից հասել է 1,4 %-ի, ինչը գործնականում նշանակում է շարունակվող լճացում։

Էներգետիկ ոլորտում պատկերն ամենաքիչ սփոփիչն է. 3,8 % աճից ոլորտն անցել է 15,9 % անկման։ Եթե սեպտեմբերը համեմատենք 2025 թվականի սեպտեմբերի հետ տարեկան կտրվածքով, պատկերն ավելի խիստ է. տվյալների այդ տարբերակում էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 9,8 % և 4,5 %, մինչդեռ շինարարության տարեկան աճը կազմել է 25,9 %, ծառայություններինը՝ 15,1 %։ Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերին, 2024 թվականի սեպտեմբերի համեմատ, բոլոր ոլորտներն աճ էին գրանցել. շինարարությունը՝ 22 %-ով, էներգետիկան՝ 17,1 %-ով, արդյունաբերությունը՝ 10,1 %-ով, ծառայությունները՝ 7,9 %-ով, իսկ առևտուրը՝ 0,9 %-ով։

Հարկ է նկատել, որ արդյունաբերության համար սեպտեմբերի երկու ցուցանիշները՝ աճի 1,9 %-ից 4,2 %-ի արագացումը և 4,5 % տարեկան անկումը, վերաբերում են հաշվարկման տարբեր կտրվածքների, ուստի դրանք պետք է դիտել առանձին, այլ ոչ թե իրար հակադրել։ Այս համեմատությունը ցույց է տալիս երկու կարևոր բան։ Նախ՝ աճի ընդհանուր պատկերը ավելի ու ավելի է կախվածություն ձեռք բերում երկու ոլորտից՝ շինարարությունից և ծառայություններից, որոնք շարունակում են աճել բարձր բազայի պայմաններում, մինչդեռ արդյունաբերությունն ու էներգետիկան, որոնք նախորդ տարի աճում էին միաժամանակ և ուժեղ, այժմ հայտնվել են ճնշման տակ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ նախորդ տարվա բարձր բազան, մասնավորապես էներգետիկայում (17,1 %) և արդյունաբերության մեջ (10,1 %), թույլ է տալիս մասամբ բացատրել այժմ գրանցվող անկումը, ինչը նշանակում է, որ այն չպետք է ընկալվի որպես կառուցվածքային խնդրի վերջնական ապացույց մինչև հաջորդ ամիսների տվյալների հրապարակումը։

Արտաքին առևտրի տվյալները թերևս ամենաընդգծված շրջադարձն են արձանագրում։ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 5,5 տրիլիոն դրամը (գրեթե 15 միլիարդ դոլար)՝ տարեկան աճի միտումը 39,3 % անկումից վերադարձնելով 2,7 % աճի։ Շրջադարձը հիմնականում ապահովվել է ներմուծմամբ. նրա դինամիկան 33,4 % անկումից բարելավվել է մինչև 9,5 % աճ, իսկ արտահանման անկումը զգալիորեն դանդաղել է՝ 46,8 %-ից հասնելով 8 %-ի։ Արդյունքում 2026 թվականի ինը ամսվա արտահանման բացարձակ արժեքը կազմել է 1,9 տրիլիոն դրամ (5,2 միլիարդ դոլար), իսկ ներմուծումը՝ 3,6 տրիլիոն դրամ (9,8 միլիարդ դոլար)։

Այս թվերը հարկավոր է դիտել նախորդ տարվա ֆոնին։ Երբ ինը ամսվա առևտրաշրջանառությունը մեկ տարի առաջ կրճատվել էր գրեթե 40 %-ով, այս տարվա 2,7 % աճը արձանագրվում է խիստ ցածր բազայի վրա։ Եթե երկու տարվա դինամիկան կուտակենք, ապա առևտրաշրջանառությունը կոպիտ հաշվարկով մնում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակից մոտ 38 %-ով ցածր, արտահանումը՝ մոտ կեսով, իսկ ներմուծումը՝ մոտ 27 %-ով։

Առևտրաշրջանառության կառուցվածքը ևս ուշադրության է արժանի։ Արտահանումը ծածկում է ներմուծումն ընդամենը մոտ 53 %-ով, իսկ արտաքին առևտրի մնացորդը բացասական է՝ շուրջ 1,7 տրիլիոն դրամ (մոտ 4,6 միլիարդ դոլար)։ Եթե նախորդ տարվա ցուցանիշները հաշվարկենք հրապարակված աճի տեմպերի հիման վրա, ապա, կոպիտ գնահատմամբ, այդ պակասորդը մեկ տարում մեծացել է մոտ 40 %-ով, քանի որ ներմուծումն ավելացել է, իսկ արտահանումը՝ կրճատվել։ Այս իմաստով արտաքին առևտրի «շրջադարձը դեպի աճ» երկակի ընթերցում ունի։ Ներմուծման աճը կարող է արտացոլել ներքին պահանջարկի և ներդրումային ակտիվության վերականգնումը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ հումքի ու կիսաֆաբրիկատների ավելացումը, սակայն արտահանման զուգահեռ վերականգնման բացակայության պայմաններում այն խորացնում է արտաքին հաշվեկշռի վրա ճնշումը։

Հարկ է հիշել նաև, որ ապրանքային առևտրի պակասորդը մասամբ հավասարակշռվում է ծառայությունների արտահանմամբ, օրինակ՝ զբոսաշրջությամբ և տեղեկատվական տեխնոլոգիաներով, որոնք ապրանքային վիճակագրության մեջ չեն արտացոլվում, սակայն այդ հավասարակշռման չափը այս տվյալներից հնարավոր չէ գնահատել։

Համադրելով այս բոլոր փաստերը՝ կարելի է առանձնացնել երեք հիմնական եզրահանգում։ Առաջինն այն է, որ աճի աղբյուրների հիմքը նեղանում է։ Երբ ծառայությունները և շինարարությունն ապահովում են աճի գերակշիռ մասը, իսկ առևտուրը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և արտահանումը թուլանում են, տնտեսությունը դառնում է առավել զգայուն այն գործոնների նկատմամբ, որոնք ձևավորում են հենց այդ երկու ոլորտների աշխուժությունը՝ ներքին պահանջարկ, ներդրումային ծախսեր, վարկավորման պայմաններ, հանրային ծախսերի ծավալ և արտաքին հոսքեր։ Շինարարության աճը 25 %-ին մոտ մակարդակում պահպանելը երկարաժամկետ հեռանկարում դժվար է, իսկ սեպտեմբերին այդ ոլորտում աճի տեմպի նկատելի կրճատումը՝ 16,9 %-ից մինչև 8,5 %, թեև մեկ ամսվա տվյալ է, արժանի է հետագա հետևման։ Երկրորդը արտաքին հավասարակշռման հարցն է։ Ներմուծման աճի շարունակման և արտահանման թուլության պայմաններում արտաքին առևտրի պակասորդը կմեծանա, ինչը երկարաժամկետ հեռանկարում պահանջում է ծառայությունների արտահանման, արտաքին ներդրումների և այլ հոսքերի կողմից համարժեք հավասարակշռում։ Մյուս հանգամանքն այն է, որ արդյունաբերության կայուն 5,8 % աճը ծառայում է որպես հավասարակշռող գործոն, քանի որ, ծառայություններից և շինարարությունից բացի, ձևավորում է երրորդ՝ առավել շոշափելի արտադրական հենարան, որի դերը կմեծանա, եթե ոլորտի աճը պահպանվի էներգետիկայի թուլացման պայմաններում։

Վերջին հաշվով, տնտեսական քաղաքականության իրական մարտահրավերը ոչ թե աճի տեմպը պահպանելն է ինքնին, այլ դրա հիմքն ընդլայնելը՝ այնպես, որ աճը դադարի կախված լինել մեկ-երկու ոլորտի աշխուժությունից և սկսի հենվել արտադրության, արտահանման և ներդրումների առավել լայն ու կայուն համադրության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում