«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը, լուրջ ալեկոծություն է առաջացրել քաղաքական հարթակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։
Այս իրավիճակը պատահականության կամ դիվանագիտական անակնկալի արդյունք չէ։ Սա Հայաստանի կառավարության վարած այն քաղաքականության ուղղակի հետևանքն է, երբ առանց լուրջ դիվանագիտական աշխատանքի, առանց միջազգային խաղացողների ու հաստատուն երաշխավորների ներգրավման, որոշում կայացվեց գնալ Բաքվի հետ «տետ-ա-տետ» (երկկողմ) բանակցությունների ձևաչափին։ Իշխանությունները հանրությանը համոզում էին, թե ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է, սակայն գործնականում Հայաստանին թողեցին դեմ առ դեմ ադրբեջանական ճնշումների առջև։ Արդյունքում ստեղծվեց մի արատավոր շղթա. երբ թվում է, թե հայկական կողմն արդեն պատրաստ է ընդունել Բաքվի հերթական պահանջը՝ ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հղումը հանելը, և գործընթացը կարծես մտնում է «հունի մեջ», Ադրբեջանը հանկարծակի առաջ է քաշում նոր նախապայման, անում սուր հայտարարություն ու ամբողջությամբ շրջում բանակցությունների տրամաբանությունը։
Ադրբեջանի կողմից «հանրային ներողության» պահանջի ձևակերպումը դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ, սակայն ներկայիս զգայուն փուլում նման թեզի շրջանառումը պատահական համարվել չի կարող։ Երբ հայկական կողմը պարբերաբար ընդառաջ է գնում Բաքվի պահանջներին, Ադրբեջանը ներմուծում է բարոյահոգեբանական կամ սահմանադրական-իրավական նոր տարրեր։ Սա թույլ է տալիս ադրբեջանական կողմին ձգձգել վերջնական ստորագրումը՝ պատասխանատվությունը փոխանցելով Երևանին։ Միևնույն ժամանակ, «ներողություն խնդրելու» պահանջը փորձ է միջազգային հանրության աչքում հակամարտության պատմությունն ու պատճառահետևանքային կապերը վերագրելու բացառապես հայկական կողմի «մեղավորությանը»՝ միակողմանիորեն շրջանցելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Գանձակի և Արցախի հայաթափումն ու տասնյակ հազարավոր հայ փախստականների ճակատագրերը։
Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ թվում է, թե հանգուցալուծումը մոտ է, Բաքուն դուրս է բերում իր տարիներով փայփայած հերթական պահանջը։ Դրա շուրջ սկզբում ձևավորվում են հանրային քննարկումներ, լսարանն աստիճանաբար «սովորում» է այդ մտքին, ինչից հետո իշխանությունները քայլ առ քայլ գնում են նոր զիջումների։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի պահանջները հեռու են սպառված լինելուց, և որևէ կետի շուրջ կոնսենսուսի հասնելուն պես ի հայտ են գալիս նորանոր նախապայմաններ։
Բաքվի աճող պահանջատիրության ֆոնին Երևանը հայտնվել է պաշտպանվողի դերում։ Համատարած զիջումների քաղաքականությունը, որն իրականացվում է «խաղաղության օրակարգի» անվան տակ, միայն խրախուսում է Ադրբեջանին ներկայացնելու նորանոր նախապայմաններ։ Անցյալի բարոյահոգեբանական վերքերի միակողմանի շահարկումը սպառնում է ընդհանրապես տապալել փաստաթղթի տրամաբանությունը, իսկ պաշտոնական Երևանի հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում գործնական հակազդեցության կամ հստակ կարմիր գծերի ձևավորման մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խորը անջրպետի ու չհաղթահարված թշնամանքի պայմաններում վերջնագրային լեզվով «ներողություն» պահանջելը ոչ թե հաշտեցմանն է նպաստում, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի է խորացնում հանրային ընդվզումն ու դիմադրությունը։ Հայկական հասարակության համար, որը վերջին տարիներին կրել է ծանրագույն կորուստներ, տեղահանվել է Արցախի ամբողջ բնակչությունը, նման պահանջները ընկալվում են որպես ազգային արժանապատվության ոտնահարման փորձ։
Ստեղծված իրավիճակում Բաքուն օգտագործում է սույն հայտարարությունը որպես լրացուցիչ պատրվակ՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար, քանի դեռ չեն բավարարվել իր այլ պահանջները։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն իրողությունը, որ առանց միջազգային երաշխիքների, առանց արտաքին խաղացողների ներգրավման և առանց հավասարակշռված դիվանագիտության, «տետ-ատետ» բանակցությունները վերածվում են միակողմանի պահանջատիրության ու ճնշման։
Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը և Արարատ Միրզոյանի արձագանքը վկայում են այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում խաղաղության հասնելու պատրանքները բախվում են իրական քաղաքականությանը։ Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները և չդադարեցնեն անվերջանալի զիջումների շղթան, ապա «խաղաղության պայմանագիր» հասկացությունը վերջնականապես կվերածվի Ադրբեջանի նորանոր նախապայմանների բավարարման անվերջանալի գործընթացի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում