Exclusive. «Մերժվածը» սերիալի Վանշն ու Իչան՝ կրկին միասին․ Ռոհիտ Խուրանան մանրամասներ է պատմում
«Մերժվածը» սերիալի հայտնի դերասաններ Ռոհիտ Խուրանան եւ Թինա Դատան, որոնք սերիալում մարմնավորում են Վանշին եւ Իչային, այս շրջանում կրկին հանդես են գալիս միասին։ Ռոհիտը պատմել է Թինայի հետ կրկին աշխատելու մասին․
«Հեռուստասերիալը կոչվում է Karamphal Data Shani։ Ես մարմնավորում եմ հնդկական միֆոլոգիական մի հերոսի՝ Շանիին։ Արդեն մեկ տարի է՝ սերիալը հեռարձակվում է եթերով, սակայն ես վերջերս եմ միացել նկարահանումներին, քանի որ մարմնավորում եմ Շանիի հասուն կերպարը։
Սցենարը հիմնված է միֆային պատմության վրա։ Շանին այնպիսի կերպար է, որին ամբողջ երկրում երկրպագում են։ Թարգմանաբար նրա անունը նշանակում է Սատուրն, այսինքն՝ նա Սատուրն մոլորակի տիրակալն է»,-ասում է Ռոհիտը՝ հավելելով․
«Սերիալում ինձ հետ նկարահանվում է նաեւ Թինան։ Ինձ համար միշտ հաճելի է նրա հետ աշխատելը։ Մեզ հեռուստադիտողը միասին տեսել է նաեւ «Մերժվածը» սերիալում եւ սիրել մեր խաղը։ Հուսով եմ՝ մեզ միասին կսիրեն նաեւ այս ֆիլմում։ Նրա հերոսուհին Դամինին է՝ Շանիի կինը»։
Բացի Ռոհիտից եւ Թինայից՝ սերիալում նկարահանվում են նաեւ այլ անվանի դերասաններ, որոնց անունները ծանոթ կլինեն բոլիվուդյան ֆիլմերի սիրահարներին․ «Նրանք բավականին հայտնի են Հնդկաստանում, նրանց թվում են, օրինակ, Սալիլ Անկոլան, Ջուհի Պարամարը, Գուֆի Պայնտալը, Սուդա Չանդրանը եւ այլք։ Նրանցից շատերը վետերաններ են, որոնք այս ինդուստրիայում են արդեն 30 տարի»։