Նորանշանակ մարզպետը հինգ հողամաս ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորանշանակ Սիմոնյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը հողամասեր են: Այսպես՝ նա ունի հինգ հողամաս և մեկական բնակարան ու առանձնատուն:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն 500 հազար դրամ, 12 հազար ամերիկյան դոլար ու 8 հազար եվրո: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 646 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից:
Ծնունդով թալինցի մարզպետը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում զբաղեցնում էր 14–րդ տեղը: Մինչ այս նշանակումը «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ–ի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում