Թբիլիսում մահացել է բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը
Այսօր Թբիլիսիում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը (աջից): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և հասարակական գործիչ Վան Բայբուրդը։
«Անահիտ Բոստանջյանն ուժեղ մարդ էր, իսկ նրա մահը մեծ կորուստ է վիրահայության համար: Նա վիրահայերի վերջին մոհիկաններից էր»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Անահիտ Բոստանջյանը հիվանդություններ ուներ:
Նշենք, որ Անահիտ Բոստանջյանը ծնվել էր 1949 թվականին Թբիլիսիում: 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, 1972 թվականին՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։
1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր։ 1994 թվականից աշխատում է նաև «Վրաստան» թերթում:
Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ, Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների: