Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պարզաբանել է իր այն հայտարարությունը, թե Մադրիդի «Ատլետիկոյում» նախկինում հանդես գալու հանգամանքն իրեն չի խանգարի ապագայում հնարավոր տեղափոխությանը «Ռեալ»: Ֆուտբոլիստը նաև անկեղծացել էր, որ հետագայում մեծ ցանկություն ունի վերադառնալու իսպանական Լա Լիգա:
«Դե, ես սովոր եմ նման բաների։ Եթե 50 րոպեանոց հարցազրույցից կտրում են այն ամենը, ինչ ցանկանում են, ապա ես խոսելու բան չունեմ։
Ես մարդ եմ, որն ասում է այնպես, ինչպես կա։ Հարցազրույցը հասանելի է ամբողջությամբ, ոչ թե միայն առանձին կոնտեքստից կտրված հատվածներով, եթե իհարկե ինչ-որ մեկը ցանկանա դիտել այն»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2019 թվականից: Խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 65 միլիոն եվրո։