Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան
Մենք ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպայակազմը ոգևորող է, ոչ թե պարտադրող, այնպիսի բանակ, որտեղ ծառայելը պատիվ է և հպարտություն, այս մասին Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:
Նա շեշտեց, որ ուզում են կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր: Միքայելյանի խոսքով՝ այդ ճանապարհն ունի երեք հենասյուն՝ պատիվ, պատասխանատվություն և արժանապատվություն:
«Այսօր կա մեկ խնդիր. զինծառայողն իր ծառայությունն իրականացնում է սոցիալական և ֆինանսական անորոշության պայմաններում, իսկ ծառայությունից հետո շատ երիտասարդներ տուն են վերադառնում առանց հստակ կրթական, մասնագիտական և բնակարանային հեռանկարների: Սա միայն սոցիալական հարց չէ, այլ նաև՝ ազգային անվտանգային»,- հավելեց նա: