Հայազգի գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը կալանավորվել է
Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը 60-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ կասկածվող քիլլերին կալանավորելու որոշում է կայացրել, վերջինս կալանավորված կմնա մինչև օգոստոսի 3-ը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարանը խորհրդակցական սենյակում մնացել է ընդամենը 7 րոպե, որի արդյունքում կայացրած որոշումը գոհացրել է թերեւս բոլոր կողմերին. թե տուժող կողմի, թե մեղադրյալի փաստաբանները չեն առարկել։
Մեղադրյալը 24-ամյա երիտասարդ է, որը ձերբակալվել է սպանությունից մոտ 12 ժամ հետո։ Վերջինս ընդունել է, որ ինքն է սպանությունն իրականացրել, սակայն պնդել է, թե, իբր, տեղի ունեցածը ոչ թե պատվիրված սպանություն է, այլ անձնական վրեժ։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի կենտրոնում սպանել են 60-ամյա գործարար Հովհաննես Կամարյանին: Դեպքը տեղի է ունեցել Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ։ Նախնական տվյալներով՝ սպանությունը եղել է պատվիրված, ինչի մասին վկայել է սպանության մեխանիզմը. Հանցագործը մոտեցել էր թիկունքից. Կրակել մեջքին, իսկ ընկնելուց հետո նաեւ գլխին, որից հետո լուսանկարել էր զոհի մարմինն ու հեռացել։
Հովհաննես Կամարյանը Հայաստանի կողմից գտնվել է հետախուզման մեջ: Ըստ շրջանառվող վարկածի` գործարարի սպանության պատճառ կարող էր դառնալ ոչ թե բիզնես ոլորտում ունեցած հակասությունները, այլ հայրենակիցների կողմից վրեժխնդրությունը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` սպանության, եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով: