«Նման փոփոխությունը պատասխանատու որոշում է» . Մհեր Մխիթարյանը՝ «Բլբուլյանները» սիթքոմի և ժանրային փոփոխություն անելու ցանկության մասին
Երեկ մեկնարկեց «Բլբուլյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը, որի գլխավոր դերակատարներից մեկը Մհեր Մխիթարյանն է: Մհերը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերասանական գործունեության, մարմնավորած կերպարների, այս շրջանի զբաղվածության մասին:
Մհերը զբաղվում է նաև սցենարական աշխատանքներով, ըստ դերասանի, հումորային սցենարներ գրելն իրեն օգնում է խաղալիս: «Միշտ մարմնավորել եմ ուրախ կերպարների, բայց ինձ չեմ նույնացրել կերպարներիս հետ: Դա օգնում է ինձ հասկանալ՝ տվյալ հումորը դուր կգա՞ հեռուստադիտողին, թե՞ ոչ»,- ասաց դերասանը:
Մհերն ընդգծեց, որ թեև իր կերպարները հումորային են, տարբերվում են միմյանցից, գրեթե, չունեն ընդհանրական գծեր. «Իմ խաղացած բոլոր կերպարները եղել են վառ, հիմա խաղում եմ «Բլբուլյանները» սիթքոմում, որտեղ խաղացածս դերը ևս տարբերվում է»:
Թեև «Բլբուլյանները» նոր է սկսել եթեր հեռարձակվել, նկարահանումներն արդեն ավարտվել են: Դերասանը հայտնեց, որ սիթքոմն ունենալու է նաև երրորդ եթերաշրջան: Մինչև այդ Մհերի զբաղվածությունն անհատական նախագծի՝ սթենդափի շրջանակում է:
«Այս շրջանում աշխատում եմ իմ հումորային ելույթների վրա: Արդեն 10 տարի է՝ հումորային ասպարեզում եմ, 2013 թվականից տարբեր ակումբներում խմբով ենք հանդես եկել, բայց ժամանակի հետ հասկացա, որ կարող եմ հանդես գալ նաև միայնակ»,- պատմեց դերասանը:
Մհերի խոսքով՝ շատ կցանկանար ներկայանալ նաև դրամատիկ կերպարներում, եղել է շրջան, երբ իրեն այդ ժանրում փորձելու ցանկություն է ունեցել, բայց դա հեշտ տրվող որոշում չէ:
«Մտածել եմ այլ ժանրի գործերում ինձ փորձելու մասին, բայց դա բարդ որոշում է, քանի որ տևական ժամանակ է՝ հեռուստադիտողն ինձ տեսնում է հումորային կերպարներում: Նման փոփոխությունը պատասխանատու որոշում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ հնարավորության դեպքում կցանկանար մարմնավորել «Թթենի» ֆիլմում Սամսոնի կերպարը: