Բեյրութում պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ են կրել Լիբանանի հայկական կենտրոնները (ֆոտո)
Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 5–ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
NEWS.am–ի հետ զրույցում ավիաընկերության Լիբանանյան գրասենյակի աշխատակիցներից Նազո Դեր-Սարկիսյանը հայտնեց, որ բարեբախտաբար պայթյունի պահին գրասենյակում մարդ չի եղել։
«Մեր հեռանալուց մեկ ժամ հետո է պայթյունը եղել, գրասենյակի ապակիներն ամբողջությամբ փշրվել են, գույքը վնասվել»,–ասաց Դեր-Սարկիսյանը՝ հավելելով, որ պայթյունի արդյունքում լուրջ վնասներ են կրել Բեյրութի գրեթե բոլոր հայկական կենտրոնները։
Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։ NEWS.am–ի հետ զրույցում կաթողիկոսական փոխանորդ Պետրոս վրդ. Մանուէլյանը հայտնեց, որ Կաթողիկոսարանում գտնվող հոգևորականերից որևէ մեկը չի տուժել, քանի որ այդ պահին դրսում են գտնվել։
Պայթյունից անմասն չեն մնացել նաև ՀՅԴ Լիբանանի հաստատությունները, մասնավորապես «Շաղզոյեան» կենտրոնը, ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը, «Ազդակ»-ի «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը:
Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 100–ից ավելի զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է:
Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել՝ Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, ով պայթյունի ժամանակ եղել է նավահանգստի մոտ գտնվող Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում և Ժագ Պարամագյանը, Դելիա Փափազյանը, Վարուժան Թոսունյանը։
Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։